Կոչ եմ անում ընդդիմությանը, չհրաժարվել արդարության պահանջից, սակայն զբաղեցրեք ձեր տեղերը խորհրդարանում. Միխայել Գալերի

Ես ընդդիմությանը կոչ եմ անում կրկին պահանջել արդար վերաբերմունք, չհրաժարվել այդ պահանջից, սակայն զբաղեցնել տեղերը խորհրդարանում,- այս հայտարարությունն արել է գերմանացի Եվրախորհրդարանային, Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, Միխայել Գալերին, Վրաստանի ալիքին տված բացառիկ հարցազրույցում:

«Իմ փաստարկը հետևյալն է, երբ բողոք կա, որ ընտրությունները արդար չեն եղել, և ընդդիմությունն իրեն ճնշված է համարում, խնդրում եմ ձեր տեղը զբաղեցրեք և հայտարարեք այդ մասին խորհրդարանի դահլիճում, ամբիոնից: Նման վեճի օրինական տեղը խորհրդարանն է: Ես ընդդիմությանը կոչ եմ անում կրկին պահանջել արդար վերաբերմունք, չհրաժարվել այդ պահանջից, սակայն զբաղեցնել իրենց տեղերը», – ասել է Գալերին:

Ըստ նրա, ընտրություններում հնարավոր խախտումները քննելիս պետք է ուսումնասիրվեն ոչ միայն քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում նկատված թերությունները, այլև ընտրությունների ողջ ժամանակահատվածը:

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով, նա 2016 թվականին գտնվում էր Վրաստանում և տեղամասերի մոտ նկատել է սև ամենագնացներ, ինչը կարող է ճնշում լինել ընտրողների վրա: Եվրախորհրդարանի պատգամավորը խորհուրդ է տալիս բարելավել համակարգը գալիք ընտրությունների համար:

«Բարելավեք ընտրական համակարգը հաջորդ ընտրությունների համար, համաձայնվեք: Անհրաժեշտ չէ հեծանիվը նորից հնարել, արդեն կան ԵԱՀԿ-ի և Օդիրի հանձնարարականները, որոնք հնարավոր է հաշվի առնվեն: Կարող եք նաև վերանայել արդարադատության բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները: Շատ բաներ կարող են բարեփոխվել: Սկզբունքորեն, Վրաստանում կա փոփոխություն կատարելու կամք, և մենք դա տեսել ենք, բայց հետաձգում է տեղի ունեցել, որում ես չէի մեղադրի միայն մեկ կողմին: Ես խոսում եմ բոլոր շահագրգիռ կողմերի քաղաքական կամքի մասին»,- ասել է Գալերին:

Եվրախորհրդարանի պատգամավորն ասում է, որ Եվրախորհրդարանում նեղացել են, երբ քննադատություն է հնչեցվել Եվրամիության առաքելության ղեկավարի հասցեին, որը զբաղվում է ընդդիմության և իշխանությունների միջնորդությամբ:

Հարցին, թե որքանով է իրատեսական Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնությունը, որ Վրաստանը 2024 թվականին դիմի Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ, Եվրախորհրդարանի պատգամավորն ասել է, որ Եվրամիության կանոնների համաձայն, ցանկացած եվրոպական պետություն կարող է դա անել, բայց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, խանգարում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին: