Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն առաջարկել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին մոտ ապագայում այցելել Փհենյան։ Հրավերը փոխանցել է Ձմեռային օլիմպիական խաղերի առթիվ Հրվ. Կորեա այցելած Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը։
Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպել է Հյուսիսային Կորեայից ժամանած բարձր մակարդակի պատվիրակության կազմում։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում, որը հայտնի է «Երկնագույն տուն» անունով։ Հատկանշական է, որ Կիմ Չեն Ինի քույրը 1950-1953թթ. Կորեական պատերազմի ավարտից հետո Փհենյանում իշխող տոհմի առաջին ներկայացուցիչն է, որ այցելել է հարևան երկիր:
Ի պատասխան հրավերի, Մուն Չժե Ինը հայտնել է, որ կարող է Հյուսիսային Կորեա այցելել այն դեպքում, եթե դրա համար «պայմաններ ստեղծվեն»։
«Եկեք հասնենք դրան՝ ապագայում ստեղծելով անհրաժեշտ պայմանները»,- ասել է հարավկորեացի նախագահը։
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում իրավիճակը Կորեական թերակղզում խիստ լարված է:
Փհենյանն արագ տեմպերով զարգացնում է միջուկային ծրագիրը՝ սպառնալով ոչ միայն տարածաշրջանային հարևաններին, այլև՝ Միացյալ Նահանգներին: