Կիմ Չեն Ինը 90-ականներին ճամփորդել է բրազիլական կեղծ անձանագրով
Կիմ Չեն Ինը 90-ականներին ճամփորդել է բրազիլական կեղծ անձանագրով

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ու նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, անցած դարի 90-ականներին գործածել են խաբեությամբ ստացված բրազիլական անձնագրերը՝ արևմտյան երկրների վիզաներ ստանալու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան արևմտյան աղբյուրին։

Ինչպես նշվում է, անձնագրերը ձևակերպված են Յոզեֆ Պհակի և Իջոնգ Չոյի անուններով։ Դրանք գործածվել են առնվազն 2 արևմտյան դեսպանություններում վիզաներ ստանալու համար։ Կիմ Չեն Ինի լուսանկարով անձնագրում որպես ծննդյան ամսաթիվ նշված է 1983 թվականի փետրվարի 1-ը, իսկ Կիմ Չեն Իրի լուսանկարով անձնագրում՝ 1940 թվականի ապրիլի 4-ը։ Այդ անձնագրերն օգտագործվել են Բրազիլիա, Ճապոնիա և Հոնկոնգ ուղևորությունների համար։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ նման անձագրերի առկայությունը խոսում է հյուսիսկորեացի առաջնորդների ճամփորդելու, ինչպես նաև վտանգի դեպքում երկիրը լքելու հնարավորություն ունենալու ցանկության մասին։

Բրազիլիայում Հյուսիսային Կորեայի դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանություններից։ Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ հրապարակված տեղեկության վերաբերյալ ստուգում է անցկացնում։

Հստակ տեղեկություն այն մասին, թե այդ անձնագրերով որևէ վիզաներ տրվե՞լ են, չկա։