Կիևում հուլիսի 3-ը հայտարարվել է սգո օր՝ Ռուսաստանի կողմից առնվազն 20 մարդու մահվան պատճառ դարձած հարձակման կապակցությամբ

17:12, 02.07.2026

Կիևի վրա ռուսական հարձակման պատճառով, որին զոհ է գնացել առնվազն 20 մարդ, Ուկրաինայի մայրաքաղաքում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարում է, որ քաղաքի բոլոր մունիցիպալ շենքերի վրա դրոշները կխոնարհվեն։ Քաղաքային իշխանությունները նաև հանձնարարական են տալիս խոնարհել պետական դրոշները ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր շենքերի վրա։

Քաղաքապետի խոսքով՝ այդ օրը Կիևում բոլոր ժամանցային միջոցառումներն արգելված են։ Դրա հետ մեկտեղ, Կլիչկոն հայտարարել է, որ փրկարարները դեռ շարունակում են որոնողական աշխատանքները։

«Մայրաքաղաքի Դարնիցկի շրջանում վնասված շենքի որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։ Նրանք դեռ փնտրում են փլատակների տակ մնացած մարդկանց»,- հայտարարել է նա։

Ի գիտություն՝ անցյալ գիշեր ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Կիևին։ Հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 20 և վիրավորվել 90 մարդ։ Փլատակներից ողջ է դուրս բերվել յոթ մարդ։

Նմանատիպ