Կիևում հրթիռակոծության հետևանքով զոհվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վերա Գիրիչը
Կիևում հրթիռակոծության հետևանքով զոհվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վերա Գիրիչը

Երեկ Կիևում ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական բյուրոյի աշխատակից, լրագրող Վերա Գիրիչը։ Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկությունը տարածել են՝ վկայակոչելով մահացածի գործընկերներին։

Միաժամանակ «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը գրում է, որ «Ազատություն» ռադիոկայանը ևս հաստատում է աշխատակցի մահը։

Ավելի վաղ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ Կիևի Շևչենկո թաղամասում բնակելի տներից մեկի փլատակների տակ մեկ դի է հայտնաբերվել։

Վերա Գիրիչը 2018 թվականի փետրվարի 1-ից աշխատում էր որպես պրոդյուսեր «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական բյուրոյում։ Մինչ այդ նա աշխատել է ուկրաինական առաջատար հեռուստաընկերություններում։

Ռուսական հրթիռային հարվածները Կիևի վրա տեղի են ունեցել ապրիլի 28-ի երեկոյան։ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ չորս վիրավոր հոսպիտալացված է։