Կիևում ձերբակալել են Ուկրաինայի վարչապետի օգնականին
Կիևում ձերբակալել են Ուկրաինայի վարչապետի օգնականին

Ուկրաինայում ձերբակալվել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի օգնական Ստանիսլավ Եժովը, որը մեղադրվում է հօգուտ Ռուսաստանի լրտեսությամբ զբաղվելու համար:

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է «լրտեսի» ձերբակալության մասին, որը հատուկ սարքավորումների միջոցով տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար Ուկրաինայի պետական կառույցների գործունեության մասին: Ենթադրվում է, որ տեղեկությունները նա փոխանցել է էլեկտրոնային տարբերակով:

Եժովին ձերբակալել են աշխատավայրում, վերջինիս զգուշացրել են «պետական դավաճանություն» հոդվածով կասկածվելու մասին, որի համար նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ուկրաինայի Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Վադիմ Դենիսենկոն հայտնել է, որ ձերբակալվածի գործունեության մասին իրենց հայտնի էր վաղուց, և «նա պահվել է ուշադրության կենտրոնում»:

Հայտնի է, որ Եժովը Գրոյսմանին ուղեկցել է բոլոր միջազգային հանդիպումների և ուղևորությունների ժամանակ:

Նշենք, որ ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը: