Քութայիսիի միջազգային համալսարանի նոր տարածքը՝ UniverCIty-ն, բացվել է
«Քութայիսքալաքոբա» (Քութայիսիի օր) տոնակատարության շրջանակներում, Կենտրոնական բուլվարում հանդիսավորությամբ բացվել է Քութայիսիի միջազգային համալսարանի (KIU) ճանաչողական-ինովացիոն տարածքը՝ «UniverCity»-ն: Այս մասին տեղեկատվություն է տարածում Քութայիսիի միջազգային համալսարանը:
Համալսարանի փոխանցմամբ՝ նախագիծը մշակվել է Քութայիսիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
«UniverCity» տարածքը բացել են Քութայիսիի միջազգային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, Քութայիսիի համալսարանական քաղաքի տնօրեն Վախթանգ Ցագարելին և Քութայիսիի քաղաքապետ Դավիթ Էրեմեիշվիլին։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին, Քութայիսիի պատգամավոր Զազա Լոմինաձեն, գործադիր և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
«UniverCity»-ի բացմանը մասնակցել է KIU-կապելլան։ Հանդիսավոր բացման հետ մեկտեղ տեղի է ունեցել ուսանողների կողմից ստեղծված նորարարական նախագծերի և կրթական ծրագրերի շնորհանդեսը, ինչպես նաև Դիզայնի դպրոցի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը։ KIU-ի ռեկտորի պաշտոնակատար Վախթանգ Ցագարելին և կանցլեր Լևան Կոպալիանին ամփոփել են «KIU IN YOUR LENS» ուսանողական տեսամրցույթի արդյունքները և պարգևատրել հաղթողներին։
Նոր տարածքի հայեցակարգը նպատակ ունի հանրահռչակել Քութայիսին որպես առաջատար համալսարանական քաղաք, ինչը լիովին համահունչ է Վրաստանի կառավարության կողմից նախաձեռնված կրթական բարեփոխումներին։
«UniverCity»-ն տեղակայվել է Քութայիսիի կենտրոնական պուրակում։ Կրթական հաստատությունները հնարավորություն կունենան այս տարածքում պլանավորել և իրականացնել սեփական նախագծերը, հրավիրել հյուրեր և անցկացնել հանրային քննարկումներ աշակերտների ու ուսանողների մասնակցությամբ։ Ինովացիոն հաբը կտրամադրվի KIU-ի եվրոպական չափանիշների ուսումնագիտական ծրագրերի և տարածաշրջանում եզակի, գերժամանակակից համալսարանական կամպուսի նորությունների ներկայացմանը: Նոր տարածքը գաղափարապես միաձուլվում է Քութայիսիի պատմական դերի և քաղաքի ստեղծագործական գործառույթի ուժեղացման հետ»,- ասված է համալսარանի տարածած հաղորդագրության մեջ: