Քրեակատարողական ծառայություն. Այս տարի միասնական ազգային քննություններ է հանձնում 21 դատապարտյալ
Մեկնարկել է դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկներից միասնական ազգային քննությունների քննական կենտրոններ տեղափոխելու գործընթացը։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ այս տարի միասնական ազգային և ընդհանուր մագիստրոսական քննություններին մասնակցում է 21 բանտարկյալ, այդ թվում՝ մեկ անչափահաս։
«Դատապարտյալների բարձրագույն կրթության հասանելիությունը քրեակատարողական ծառայության համար առաջնահերթություն է։ Այդ նպատակով գործում է բանտարկյալների համար նախատեսված «Թվային համալսարան» նորարարական կրթական նախագիծը, որն ավելի մատչելի է դարձնում համալսարանական կրթությունը և էապես բարձրացնում ակադեմիական ուսուցման որակը։
Քրեակատարողական ծառայությունը դատապարտյալների վերականգնողական-ռեսոցիալականացման ծրագրի շրջանակներում աջակցում և հետագայում էլ կշարունակի հոգալ դատապարտյալների կրթության և զարգացման համար՝ տարբեր ուղղություններով»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։