Քիթ Քելլոգը հայտարարում է, որ Ուկրաինան պատրաստ է փաստացի զիջել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, սակայն ոչ իրավաբանորեն
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայի հարցերում Քիթ Քելլոգը հայտարարում է, որ Ուկրաինան պատրաստ է դե ֆակտո զիջել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, սակայն ոչ դե յուրե։ Այս մասին Քելլոգը հայտարարել է «Ֆոքս Նյուզ»-ին տված հարցազրույցում։
Հարցազրույցում Քելլոգը խոսել է անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած հանդիպումների մասին, որոնց մասնակցում էին եվրոպացիներ և ուկրաինացիներ։
«Մենք ներկայացրինք 22 կոնկրետ պայման, որոնց նրանք համաձայնեցին։ Այն, ինչ նրանք պահանջում են, այն է, ինչ իրենց մոտ կա։ Առաջինը, ինչն իրենց պետք է՝ համապարփակ և մշտական հրադադար է, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ես նկատի ունեմ համապարփակ ծովային, օդային և ցամաքային ենթակառուցվածքներ՝ առնվազն 30 օրով», – նշել է Քելլոգը։
Նրա խոսքով՝ 30-օրյա ժամանակահատվածը կարևոր է, քանի որ այն կնպաստի սպանությունների դադարեցմանը, ինչը հենց այն է, ինչին ձգտում է Դոնալդ Թրամփը։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել օկուպացված տարածքները, Քելլոգը պատասխանել է, որ Ուկրաինան համաձայնել է զիջել այդ տարածքները ոչ թե դե յուրե՝ մշտապես, այլ դե ֆակտո՝ ներկայիս իրավիճակի և ռազմական գործողությունների փաստացի քարտեզի համաձայն։
«Ուկրաինացիները պատրաստ են հրաժարվել այն տարածքներից, որոնք այժմ վերահսկվում են Ռուսաստանի կողմից՝ ոչ դե յուրե, մշտապես, այլ դե ֆակտո, քանի որ Ռուսաստանը փաստացի օկուպացրել է այդ հողերը։ Սա նրանք ասացին ինձ անցյալ շաբաթ։ Նրանք գիտակցում են, որ հրադադարի հաստատման դեպքում բոլոր կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում։ Ուկրաինացիները հենց դրան են պատրաստ», – նշել է Քելլոգը։