Քիր Սթարմեր. Դոնալդ Թրամփի հրադադարի վերաբերյալ առաջարկի անտեսումը ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինը լրջորեն տրամադրված չէ խաղաղության համաձայնագրի համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ, Քիր Սթարմերը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքը Դոնալդ Թրամփի հրադադարի առաջարկին «ժամանակի ձգձգում է»։
Սթարմերն այս հայտարարությունն արել է դաշնակիցների հետ հանդիպումից առաջ, որի գլխավոր թեման Ուկրաինային աջակցությունն է։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նախագահ Պուտինը խաղա նախագահ Թրամփի համաձայնագրով։ Կրեմլի կողմից Թրամփի հրադադարի առաջարկի լիակատար անտեսումը պարզապես ցույց է տալիս, որ Պուտինը լրջորեն տրամադրված չէ խաղաղության համաձայնագրի համար», – նշել է Բրիտանիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը համաձայնի հրադադարի, ապա անհրաժեշտ է իրականացնել դրա մոնիտորինգ։
«Եթե Ռուսաստանը վերջապես նստի բանակցային սեղանի շուրջ, ապա մենք պետք է պատրաստ լինենք վերահսկելու հրադադարը, որպեսզի երաշխավորվի, որ սա լուրջ և կայուն խաղաղություն է։ Եթե դա տեղի չունենա, ապա մենք պետք է ուժ գտնենք ուժեղացնելու տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի ավարտենք այս պատերազմը։ Պուտինը փորձում է ձգձգել ժամանակը՝ հայտարարելով, որ հրադադարի կնքումից առաջ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել հարցը, սակայն աշխարհին անհրաժեշտ են գործողություններ, ոչ թե դատարկ խոսքեր և անիմաստ պայմաններ։
Իմ ուղերձը Կրեմլին առավել քան հստակ է՝ դադարեցրեք Ուկրաինայի նկատմամբ բարբարոսական հարձակումները միանգամընդմիշտ և համաձայնեք հրադադարի հիմա։ Մինչ այդ, մենք կշարունակենք աշխատել օր ու գիշեր՝ ապահովելու խաղաղությունը», – հայտարարել է Քիր Սթարմերը։