Քենիայում ոստիկանությունը կրակել է ցուցարարների վրա, ովքեր փորձել են ներխուժել խորհրդարան՝ սպանել է առնվազն հինգ ցուցարար
Քենիայում ոստիկանությունը կրակել է ցուցարարների վրա, ովքեր փորձել են ներխուժել խորհրդարան՝ սպանել է առնվազն հինգ ցուցարար: Տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Տեղեկությունը տարածում է Ռոյթերսը։
Միջադեպից հետո Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն ասաց, որ անվտանգությունն իր «առաջնահերթությունն է»:
Բացի Քենիայի մայրաքաղաքից, բողոքի ցույցեր են անցկացվել նաև այլ քաղաքներում։ Ցուցարարները պահանջում են հետ կանչել հարկերի բարձրացման մասին օրինագիծը և նախագահի հրաժարականը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քենիայի մայրաքաղաքում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա այն բանից հետո, երբ նրանց չի հաջողվել ցրել արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով։ Ի վերջո, ոստիկանները խորհրդարանի տարածքը թողեցին հանրահավաքի մասնակիցներին, իսկ պատգամավորները տարհանվեցին ստորգետնյա թունելով։
Խորհրդարանի անդամները կողմ են արտահայտվել օրինագծում առաջարկվող փոփոխություններին, սակայն հանել են նախաձեռնությունը, որը նախատեսում էր ավտոմեքենայի սեփականության համար հարկ սահմանել։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։ Կառավարության ծրագրի համաձայն՝ նոր օրենքը պետք է երկրի բյուջե բերի լրացուցիչ 2,7 մլրդ դոլար՝ հարկերի տեսքով, և այդ ջանքերն ուղղված են բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի կրճատմանը։