Քենիայի նախագահը հայտարարել է, որ հետ է կանչելու բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառ դարձած հարկերի բարձրացման մասին օրինագիծը
Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն հայտարարել է, որ հետ կկանչի հարկերի բարձրացման օրինագիծը, որը երկրում բողոքի ցույցեր և անկարգություններ է առաջացրել: Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ինչպես նախագահն ասել է իր հեռուստաուղերձում, քենիացիները չեն ցանկանում նշված օրինագիծը, հետևաբար նա չի ստորագրի օրինագիծը և համապատասխանաբար փաստաթուղթը հետ կկանչվի։ Ռուտոյի խոսքով՝ ինքը մտադիր է երկխոսություն սկսել երիտասարդության հետ և աշխատել հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների վրա։
Տեղեկության համար՝ հունիսի 25-ին Քենիայում օրինագծի դեմ ցույցի ժամանակ առնվազն 22 մարդ է զոհվել։ Նայրոբիում ոստիկանությունը կրակ է բացել ցույցի մասնակիցների վրա, ովքեր փորձել են ներխուժել խորհրդարան ու հրդեհել շենքը։
Նախորդ շաբաթվանից Նայրոբիում և Քենիայի այլ քաղաքներում ցուցարարները բողոքում են հարկերի բարձրացման դեմ: Օրինագծի հակառակորդները պնդում էին, որ դա էլ ավելի կբարձրացնի քենիացիների կյանքի արժեքը: Կառավարության ծրագրի համաձայն՝ նոր օրենքը պետք է երկրի բյուջե մտցնի լրացուցիչ 2,7 միլիարդ դոլարի հարկեր, որոնք անհրաժեշտ էին բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը նվազեցնելու համար։