Քաշմիրում՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում գտնվող օդանավակայանի մոտակայքում, լսվել է տասը պայթյունի ձայն

22:03, 09.05.2025

Քաշմիրում՝ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում գտնվող օդանավակայանի մոտակայքում լսվել է տասը պայթյունի ձայն։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյուններից առաջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի անջատում, ինչը պայմանավորված է եղել բազմաթիվ ռումբերի արձակմամբ, որոնք նկատվել են նախորդ գիշեր Ջամմու քաղաքի երկնքում։

Ինչպես նշում է «Reuters»-ը, իրավիճակը շարունակում է մնալ լարված Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ Քաշմիրի տարածաշրջանում բաժանարար գծի երկայնքով։

Մայիսի 7-ին Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին, ինչպես նաև Քաշմիրի վիճարկվող տարածքի պակիստանական վերահսկողության տակ գտնվող հատվածին։

Երկու երկրների հարաբերությունները հատկապես սրվել են ապրիլի 22-ին՝ այն բանից հետո, երբ զինված անձինք սպանել են 26 մարդու Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում, որոնց մեծ մասը եղել են հնդիկ զբոսաշրջիկներ։

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ ի պատասխան այդ հարձակման՝ հարվածներ են հասցրել «ահաբեկիչների ենթակառուցվածքներին»։ Իսկ Պակիստանի իշխանությունները պնդում են, որ իրենք կապ չունեն ապրիլյան հարձակման հետ, և այն օբյեկտները, որոնց հարվածել է Հնդկաստանը, չեն հանդիսացել ահաբեկչական խմբավորումների բազաներ, ինչպես Նյու Դելիում են հայտարարում։

Նմանատիպ