Քարելիի շրջանում հրկիզելու միջոցով բնակելի տներն ու պտղատու այգիները ոչնչացնելու փաստով մեղադրյալին սահմանվել է կալանք
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ Քարելիի շրջանում հրկիզելու միջոցով բնակելի տներ, պահեստներ, այգիներ վնասելու և ոչնչացնելու փաստի առթիվ։
Վրաստանի դատախազության տեղեկություններով՝ մեղադրող կողմի միջնորդության հիման վրա մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ օգոստոսի 28-ին Քարելիի շրջանի Էլբաքիանթկարի գյուղում մեղադրյալը հարբած վիճակում հրկիզել է սեփական բնակելի տան բակը՝ թափոնները ոչնչացնելու նպատակով: Թեև համագյուղացիները զգուշացրել են հրդեհի հետևանքով սպասվող ծանր հետևանքների մասին և խնդրել են մարել կրակը, սակայն կրակը չի մարել, իսկ օգնության հասած հարեւաններին դուրս է արել տանից։
Հրդեհը տարածվել է լայնածավալ տարածքով, ինչի հետևանքով Էլբաքիանթկարի գյուղում այրվել է 300.000 լարի արժողությամբ վեց տուն, օժանդակ պահեստներ և պտղատու այգիներ։ Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով և 3-րդ մասերով (ուրիշի գույքը վնասել, ոչնչացնել, հրկիզել, որն առաջացրել է ծանր հետևանքներ), որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է տեղեկատվության մեջ։