Քանյե Ուեսթի համերգի կապակցությամբ Թբիլիսիի քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի երկարացված ժամերով
Քանյե Ուեսթի համերգի կապակցությամբ Թբիլիսիի քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի երկարացված ժամերով

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հունիսի 12-ին «Դինամո Արենայում» կայանալիք համերգի կապակցությամբ Թբիլիսիի մետրոն և որոշակի երթուղիներով ավտոբուսները կսպասարկեն ուղևորներին երկարացված ժամանակով,- այս մասին այսօր Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում հայտարարեց մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ համերգի օրը երթևեկությունը կսահմանափակվի նաև «Դինամո Արենայի» շրջակա փողոցներում։

«Հունիսի 12-ին «Դինամո Արենայում» նախատեսված է հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի համերգը, ով բազմաթիվ երկրպագուներ ունի Վրաստանում, և ոչ միայն Վրաստանում։ Համերգին մասնակցել ցանկացողների անխափան տեղաշարժը հեշտացնելու համար Թբիլիսիի մետրոն, ինչպես նաև նշված տարածքում գործող ավտոբուսները, կաշխատեն երկարացված ժամանակով և կսպասարկեն ուղևորներին մինչև հունիսի 13-ի ժամը 02:00-ն։ Ինչ վերաբերում է երթևեկությանը, հունիսի 12-ի ժամը 07:00-ից մարզադաշտի շրջակա փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։ Սկզբնական սահմանափակումը կգործի Սլավա Մետրևելիի և Գիորգի Ցաբաձեի փողոցներում, որտեղ երթևեկությունը կսահմանափակվի Դինամո Արենայի գլխավոր մուտքերի շրջակա տարածքով։ Սահմանափակման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել շրջակա փողոցներով», – ասաց Կախա Կալաձեն։

Քաղաքապետի խոսքով՝ այլընտրանքային երթուղիների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն մոտ ապագայում կտեղադրվի Թբիլիսիի քաղաքապետարանի կայքում և սոցիալական ցանցերում։