Քամալա Հարիս. Գազայի հատվածում պետք է անհապաղ դադարեցվի կրակը, և Համասը պետք է համաձայնի գործարքի կնքմանը, Իսրայելի կառավարությունը պետք է ավելին անի օգնության հոսքերը մեծացնելու համար
Քամալա Հարիս. Գազայի հատվածում պետք է անհապաղ դադարեցվի կրակը, և Համասը պետք է համաձայնի գործարքի կնքմանը, Իսրայելի կառավարությունը պետք է ավելին անի օգնության հոսքերը մեծացնելու համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կոչ է անում ՀԱՄԱՍ-ին համաձայնել անհապաղ զինադադարի և Իսրայելին հորդորում է մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հատվածին, հայտնում է Reuters-ը։

«Հաշվի առնելով Գազայում տառապանքների ահռելի չափը՝ պետք է անհապաղ զինադադար լինի։ Սեղանին կա համաձայնություն, և ինչպես արդեն ասացինք, ՀԱՄԱՍ-ը պետք է համաձայնի այս համաձայնությանը։ Գազայում մարդիկ սովամահ են։ Պայմաններն անմարդկային են։ Իսրայելի կառավարությունը պետք է ավելին անի օգնության հոսքերը զգալիորեն մեծացնելու համար։ Սա ոչ մի արդարացում չունի»,- ասել է Հարիսը՝ ելույթ ունենալով Ալաբամայում կայացած միջոցառման ժամանակ։

Բացի այդ, Եգիպտոսի մայրաքաղաքում են գտնվում ՀԱՄԱՍ-ի, Քաթարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ Իսրայելը փաստացի համաձայնել է Գազայի հատվածում վեցշաբաթյա զինադադարի հետ և սպասում է ՀԱՄԱՍ-ի պատասխանին, թեև իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով կառավարության ներկայացուցչին, հայտնում են, որ Համասը հրաժարվում է Իսրայելին տրամադրել կենդանի պատանդների ցուցակը։ Իսրայելը Եգիպտոս բանակցողների խումբ չի ուղարկել։