Քալիֆոռնիայում անտառային հրդեհի պատճառով արձակել են մոտ 40 000 մարդու տարհանման հրաման

Քալիֆոռնիայում անտառային հրդեհի պատճառով արձակել են մոտ 40 000 մարդու տարհանելու հրաման: Այս մասին տեղեկացնում է տեղի մամուլը:

Տարհանման մասին հաղորդագրությունն ստացել են Լոս-Անջելեսի հյուսիսում գտնվող բնակավայրերը: Լայնամասշտաբ աղետը Ագուա Դուլսեի բնակավայրում այրել է մի քանի շինություն և բնակելի տուն: Վտանգի տակ է ևս 10 շինություն:

Քալիֆոռնիայի հարավում գտնվող շրջաններում մասշտաբային հրդեհի պատճառով մոտ 180 000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Վտանգ է սպառնում ևս 308 հազար բաժանորդի:

Ինչպես տեղեկացնում է տեղի մամուլը, մասշտաբային հրդեհը մարելու համար մոբիլիզացված է ավելի քան 500 հրշեջ:

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ: