Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն. Տարածաշրջանային օդային տարածքի որոշակի հատվածների անհասանելիության պատճառով թռիչքների երթուղիները փոխվում են, Վրաստանի օդային տարածքը ձևավորվում է որպես կարևոր այլընտրանքային տարանցիկ միջանցք
Տարածաշրջանային օդային տարածքի որոշակի հատվածների անհասանելիության պատճառով թռիչքների երթուղիները եվրասիական ցանցի մասշտաբով փոխվում են, ինչի արդյունքում Հարավային Կովկասի տարածաշրջանը, այդ թվում՝ Վրաստանի օդային տարածքը, ձևավորվում է որպես կարևոր այլընտրանքային տարանցիկ միջանցք, – նշում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսային Ատլանտիկայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Նիկոլաս Ռալոն Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանն ուղղված նամակում և ընդգծում Վրաստանի ներդրած նշանակալի ավանդը միջազգային օդային նավիգացիայի անվտանգության, կայունության և անխափանության ապահովման գործում։
Նամակում նշված է, որ միջազգային ավիացիան այսօր աճող օդային երթևեկության, աշխարհաքաղաքական մարտահրավերների և ռազմական հակամարտությունների ֆոնին գործում է առանձնապես բարդ գործառնական միջավայրում։
«Այսօր Վրաստանի օդային տարածքը կարևոր դեր է խաղում միջազգային օդային կապի պահպանման և գլոբալ ավիացիոն ցանցի արդյունավետ գործունեության ապահովման գործում։
Վրաստանի կողմից իրականացված ջանքերը, որոնց նպատակն է նվազագույնի հասցնել օդային երթևեկության խափանումները, բավարարել աճող պահանջարկը և պահպանել ավիացիոն անվտանգության բարձրագույն չափանիշները, բարձր գնահատանքի են արժանանում ICAO-յի Եվրոպայի և Հյուսիսային Ատլանտիկայի (EUR/NAT) տարածաշրջանում։ Նշված ջանքերն արտացոլում են Վրաստանի ամուր հավատարմությունը միջազգային համագործակցությանն ու ընդհանուր նպատակին՝ անվտանգ և արդյունավետ միջազգային օդային տրանսպորտային համակարգի գործունեությունն ապահովելու համար», – նշված է ICAO-յի նամակում։
Նիկոլաս Ռալոն հատկապես ընդգծում է Վրաստանի օդային նավիգացիոն ծառայությունների մատակարարի՝ «Սաքաերոնավիգացիա» ՍՊԸ-ի օպերատիվ արձագանքումը, սերտ կոորդինացումը հարևան երկրների համապատասխան գերատեսչությունների հետ, բարձր ինտենսիվության օդային երթևեկության արդյունավետ կառավարումը և ակտիվ համագործակցությունը ավիաընկերությունների հետ, ինչը նպաստել է թռիչքների անխափանությանն ու գլոբալ ավիացիոն մատակարարման շղթայի կայունության պահպանմանը։
Տեղեկությունը տարածում է «Սաքաերոնավիգացիան»։