Կազանում «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև
Կազանում «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև

Ռուսաստանի Կազան քաղաքում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։

Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին տեղեկությունը տարածում են հայկական և ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, հանդիպումն անցել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները։

Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջխաղացումը, ներառյալ խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև սահմանների սահմանազատման և սահմանագծման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել երկկողմ բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ, որպեսզի այն հնարավորինս շուտ ստորագրվի։