Կայացավ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը
Կայացավ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը

Լոս Անջելեսում կայացավ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը։

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացավ Մարտին Մաքդոնահի «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմը։ Գլխավոր անվանակարգում ներկայացված էին նաև մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of Water), Ստիվեն Սպիրլբերգի «Գաղտնի դոսյեն» (The Post), Քրիսոֆեր նոլանի «Դյունքերքը» (Dunkirk) և Լուկա Գուադանինոյի «Կոչիր ինձ քո անունով» (Call Me by Your Name) ֆիլմերը։

«Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում դերակատարման համար «դրամատիկ ֆիլմի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը։ Գարի Օլդմանը մրցանակ է ստացել որպես «դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան» Ջո Ռայթի «Մութ ժամանակներ» (Darkest Hour) ֆիլմում դերակատարման համար։

Գիլերմո դել Տորոն «Ոսկե գլոբուս» է նվաճել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար։ Մարտին Մաքդոնահը «Ոսկե գլոբուս» է ստացել «Lավագույն սցենար» անվանակարգում՝ «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմի համար։ Ֆիլմը պարգևատրվել է նաև տղամարդու երկրորդական պլանի լավագույն դերի համար (Սեմ Ռոքուել)։

Լավագույն լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ է ճանաչվել «Կոկոյի գաղտնիքը» (Coco)։

«Կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է նվաճել Գրետա Գերվիգի «Լեդի Բըրդ» (Lady Bird) ֆիլմը։

Գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Անհետացումը» (In the Fade) հաղթել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։