Կայա Կալասը հայտարարում է, որ Եվրամիությունը չի կարող ավտոմատ կերպով փոխարինել «Ազատություն ռադիոյի» ամերիկյան ֆինանսավորումը
Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությամբ՝ ցավալի է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է «Ազատություն ռադիոյի» ֆինանսավորումը, սակայն նա նշում է, որ Եվրամիությունը չի կարող ավտոմատ կերպով փոխարինել ամերիկյան ֆինանսավորումը։
Այս մասին Կալասը հայտարարել է Բրյուսելում, ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվել է նախարարների այսօրվա հանդիպման ժամանակ։ Կալասը նշել է, որ Եվրամիությունը քննարկում է, թե ինչ կարող է անել։
«Այն եղել է ժողովրդավարության ճառագայթ և շատ արժեքավոր այս առումով։ Իհարկե, ցավալի է լսել, որ ԱՄՆ-ը դադարեցնում է ֆինանսավորումը։
Այժմ մեզ համար հարցն այն է, թե արդյոք կարող ենք մեր ֆինանսավորմամբ լրացնել այն բացը, որը թողնում է ԱՄՆ-ը։
Այս հարցին պատասխանը հետևյալն է՝ մենք չենք կարող ավտոմատ կերպով դա անել, քանի որ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք մեզ մոտ են գալիս նույն խնդրանքով,
սակայն արտաքին գործերի նախարարների կողմից իսկապես եղել է դրդում քննարկելու այս հարցը և գտնելու լուծում։
Այսպիսով, սա մեր կողմի համար հանձնարարություն է՝ տեսնել, թե ինչ կարող ենք անել»,- ասել է Կալասը։