Կայա Կալաս. Միայն Չինաստանն է շահում առևտրային պատերազմներից, որոնք ԱՄՆ-ն վարում է դաշնակիցների դեմ

14:24, 14.03.2025

Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը կարծում է, որ Չինաստանը «ծիծաղում է» ԱՄՆ-ի առևտրային պատերազմից։ Այս մասին Կալասը հայտարարել է «Բլումբերգ»-ի հետ հարցազրույցում։

ԵՄ բարձրագույն ներկայացուցչի կարծիքով՝ առևտրային պատերազմներից, որոնք ԱՄՆ-ն վարում է իր դաշնակիցների դեմ, շահում է միայն Չինաստանը։

«Նա, ով հեռվից ծիծաղում է կամ հետևում այս ամենին, Չինաստանն է։ Նա, անկասկած, շահում է այն բանից, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է վարում Եվրոպայի դեմ», – ասել է Կալասը։

Բարձրագույն դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է պատասխան քայլերի, սակայն կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, քանի որ առևտրային պատերազմները սովորաբար հանգեցնում են գնաճի, ինչը վնաս է հասցնում սպառողներին։

«Մենք մնում ենք սառնասիրտ, և, իհարկե, պատրաստ ենք գործել ու պաշտպանել մեր շահերը, երբ անհրաժեշտություն լինի», – հայտարարել է Կալասը։

Կալասի այս մեկնաբանությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունից ներմուծվող բոլոր տեսակի գինիների և ալկոհոլային այլ ապրանքների համար 200%-անոց տուրք է սահմանելու։

Նմանատիպ