Կախա Կուճավան հանդիպել է ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչների հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հանդիպեց Ընտրություններին դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) ներկայացուցիչների հետ և շնորհակալություն հայտնեց նրանց ընտրությունների մոնիթորինգին ակտիվ մասնակցության համար:
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը խոսել են հոկտեմբերի 2-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և քաղաքական կուսակցությունների նախընտրական քարոզարշավների մասին:
Խորհրդարանի նախագահը նշեց, որ միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ընտրական փոփոխությունները կապահովեն, որ ընտրություններն անցնեն էլ ավելի ազատ ու թափանցիկ միջավայրում:
ENEMO-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հասարակական կազմակերպությունների ցանց է, որը Վրաստանում նախատեսված ՏԻՄ ընտրություններին կունենա 26 դիտորդ Թբիլիսիում, Բաթումում, Քութաիսիում, Զուգդիդիում, Թելավիում և Ախալցխայում: