Վրաստանի խորհրդարանի նախագահը, որը մասնակցում է Ավստրիայում խորհրդարանի նախագահների հինգերորդ միջազգային համաժողովին, երկկողմ հանդիպումներ է անցկացնում: Այդ մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով, միջոցառման շրջանակներում Կախա Կուճավան հանդիպել է ԵԱՀԿ-ում Վրաստանի բարեկամների խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակը, երկրում գործընթացները եւ իրականացվող բարեփոխումները:
«Այս հանդիպումը շատ կարեւոր էր խմբի անդամներին հարցեր տալու եւ պատասխաններ ստանալու համար: Մենք խոսեցինք գրեթե այն ամենի մասին, ինչն իրենց հետաքրքրում է: Քննարկման հիմնական թեման օկուպացված տարածքները և այնտեղ տիրող իրավիճակն էր, թե ինչպես կարող ենք պայքարել այս մարտահրավերի դեմ: Միաժամանակ, մենք քննարկեցինք Վրաստանում օրակարգում առկա քաղաքական հարցերը և այն թեմաները, որոնց շուրջ պատրաստվում ենք աշխատել ինչպես մոտ ապագայում, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:
Նրանց համար կարևոր էր, թե ինչպես ենք մենք գնում բարեփոխումների առումով և շատ այլ հարցեր, որոնք այսօր արդիական են Վրաստանում», – հանդիպումից հետո ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահը: