Կախա Կուճավա. Խոսքերն անզոր են, սգում ենք Բաթումիում տեղի ունեցած սարսափելի ողբերգության զոհերին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան ցավակցում է Բաթումիում շենքի փլուզման հետևանքով զոհերի ընտանիքներին:
«Խոսքերն անզոր են: Մենք սգում ենք Բաթումիում տեղի ունեցած սարսափելի ողբերգության զոհերին, այդ թվում՝ երեխաներին: Ցավակցում եմ նրանց ընտանիքներին և համայն Վրաստանին», – ասել է Կախա Կուճավան:
Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով վեց մարդ է մահացել: Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 5 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:
Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:
Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:
Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:
Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: