Կախա Կուճավա. Ուկրաինայի վարչապետի հետ հանդիպմանը երկու կողմերն էլ ընդգծեցին, որ ոչ ոք, ներառյալ նախկին նախագահը, չի կարող պատճառ հանդիսանալ մեր երկրների միջև հարաբերությունների վատթարացման համար
Ուկրաինայի վարչապետի հետ հանդիպմանը երկու կողմերն էլ ընդգծեցին, որ ոչ ոք, ներառյալ նախկին նախագահը, չի կարող պատճառ հանդիսանալ մեր երկրների միջև հարաբերությունների վատթարացման համար, – ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան՝ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումից հետո:
Կուճավայի խոսքով, ի թիվս այլ թեմաների, հանդիպմանը քննարկվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարցը:
«Մենք շոշափեցինք այն հարցը, որը հետաքրքրում է բոլորին: Խոսքը Միխեիլ Սաակաշվիլիի մասին է, այսպես ասած, Ուկրաինայից ներխուժելու մասին: Սա մի պահ է, որն իսկապես անհարմարություն է ստեղծում երկու երկրների միջև: Նրանք չգիտեին նրա ծրագրերի մասին՝ ապօրինի կերպով անցնել Ուկրաինայի, ինչպես նաեւ Վրաստանի սահմանները եւ ընդհանրապես, ստեղծված անհարմար իրավիճակը: Մեկ անգամ ևս երկուստեք հստակ ընդգծվեց, որ ոչ մի անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, երբեք չի կարող լինել պատճառ և հիմք, որ մեր երկրների միջև հարաբերությունները փոքր-ինչ վատանան», – ասաց Կախա Կուճավան հանդիպումից հետո: