Կախա Կալաձեն պատասխանում է ընդդիմությանը. Երբեք չեմ ասել, որ Թբիլիսիում ապօրինի շինություններ չկան
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է ապօրինի շինությունների վերաբերյալ ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններին։ Կախա Կալաձեի խոսքով, մայրաքաղաքի քաղաքապետ ընտրվելուց հետո ապօրինի շինությունների դեմ պայքար է սկսվել, և քաղաքապետարանը տարբեր միջոցներ է ձեռնարկել դա կանխելու համար։
«Ապօրինի շինարարությունը միշտ խնդիր է եղել եւ այսօր էլ լուրջ մարտահրավերներից է։ Ես երբեք չեմ ասել, որ Թբիլիսիում ապօրինի շինություններ չկան։ Ընդհակառակը, ես միշտ ասում էի, որ դա խնդիր է, և 2017 թվականին, երբ թբիլիսցիներն ինձ ընտրեցին մայրաքաղաքի քաղաքապետ, մենք սկսեցինք պայքարել դա կանխելու համար»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանը 2017 թվականից սկսել է ավելացնել ապօրինի շինությունների համար տուգանքները։ Սակայն սա բավարար չէր։ Կախա Կալաձեի խոսքով՝ այդ պատճառով քրեական պատասխանատվության միջոցներ են մտցվել։
«Ինչ վերաբերում է ապօրինի շինություններին, ապա ձեր իշխանության օրոք ապօրինի շինությունների համար տուգանքները տատանվում էին 3000-10000 լարիի սահմաններում։ Երբ շենք է կառուցվում, խոսվում է միլիոնների մասին։ Հետևաբար, երբ ընկերություններն այդքան շահույթ են ստանում, այդ տուգանքի չափը նրանց համար ոչինչ չէ։ Իշխանության գալուն պես սկսեցինք տուգանքները բարձրացնել և ըստ կատեգորիաների 8000 լարիից հասցնել 50 000 լարիի, սակայն գործնականում տեսանք, որ սա էլ բավարար չէ։ Այդ իսկ պատճառով Վրաստանի խորհրդարանի օգնությամբ մենք քրեական պատասխանատվության միջոցներ ենք կիրառել ապօրինի շինությունները կասեցնելու համար։ Կարծում եմ՝ սա կկանգնեցնի ապօրինի շինարարությունները»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։