Կախա Կալաձեն պարզաբանում է, որ մեկամսյա ուղևորության կտրոնի արժեքը ոչ թե 150, այլ 40 լարի է
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստին արձագանքել է լրատվամիջոցներից մեկի տարածած այն տեղեկատվությանը, թե իբր մեկամսյա ուղևորդության տոմսի արժեքը 150 լարի է։ Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ մեկամսյա ճանապարհորդական կտրոնի արժեքը ոչ թե 150, այլ 40 լարի է։
Կալաձեի խոսքով, նշված տեղեկատվությունը ծառայում է բնակչությանը մոլորեցնելուն և Թբիլիսիի քաղաքապետարանի վարկաբեկմանը։
«Երեկ հեռուստաալիքներից մեկում տեսանք մի ռեպորտաժ, որտեղ միտումնավոր փորձ է արվում մոլորեցնել հանրությանը։ Կոնկրետ հեռուստաալիքի լրագրողը գնում է մարդկանց մոտ և հարցնում, թե արդյոք նրանք կարող են իրենց թույլ տալ վճարել 150 լարի մեկ ամսվա աբոնեմենտի համար։ Չգիտեմ՝ սա լրագրողի սխալ էր, թե ոչ, քանի որ գիտեք, որ 6 ամսվա աբոնեմենտն արժե 150 լարի։ Կարծում եմ՝ նման ապատեղեկատվության տարածումը նպատակաուղղված է՝ հասարակության մեջ հնարավորինս նիհիլիզմ սերմանելու համար»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Կախա Կալաձեն ևս մեկ անգամ խոսել է վճարային նոր համակարգի մասին և նշել, որ քաղաքապետարանի աջակցության կարիք ունեցող քաղաքացիների համար նախկին արտոնյալ սակագինը մնում է ուժի մեջ։
«Ինչ վերաբերում է վճարումների նոր համակարգին, որը գործարկվել է փետրվարի 1-ից, ապա արդեն վաճառվել է 15 000 աբոնեմենտ։ Ուզում եմ շեշտել, որ արտոնյալ պայմանները, որ ունեինք քաղաքացիների որոշակի կատեգորիայի, կարիքավոր ընտանիքների համար, գործում են նաև նույնիսկ այս նոր համակարգի պայմաններում։ Նրանք, ովքեր օգտվել են արտոնություններից և վճարում էին 10, 20 թեթրի կամ անվճար էին ուղևորվում, բայց երթուղայինով վճարում էին 80 թեթրի, փետրվարի 1-ից ունենք ինտեգրված համակարգ, և այդ քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու նույն զեղչից նաև միկրոավտոբուսով երթևեկելիս: Շուրջ 450 հազար մարդ օգտվում է արտոնություններից»,- ասել է Կախա Կալաձեն։