Կախա Կալաձեն հայտարարել է, որ գլոբալ պատերազմի կուսակցությունը, որտեղ իր շահերը չի կարող առաջ տանել, հարձակումներ է կազմակերպում։ Նրա խոսքով, նրանք փորձել են վերահսկողություն սահմանել Վրաստանի դատարանների վրա, իսկ Ռումինիան լավագույն օրինակն է, թե ինչու էր դա նրանց պետք
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանում պետական հեղաշրջման փորձը իրականացվում էր օտարերկրյա ֆինանսավորմամբ։ Նրա խոսքով, մարդիկ արդեն ամեն ինչ տեսնում են, և դա միայն Վրաստանին չի վերաբերում։ Նա ընդգծել է, որ արտերկրից ֆինանսավորվում էին հարձակումները եկեղեցու, պատրիարքի, հավատքի և հոգևոր արժեքների նկատմամբ։
Կալաձեի խոսքով, բոլոր այն երկրներում, որտեղ այսպես կոչված «գլոբալ պատերազմի կուսակցությունը» չի կարողանում առաջ տանել իր շահերը, տեղի են ունենում հարձակումներ, ճնշումներ դատարանների վրա և հասարակության բևեռացում։
«Ռումինիան դրա լավագույն օրինակն է։ Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, թե ինչպես էին փորձում ճնշում գործադրել Վրաստանի դատարանների վրա, վերահսկողություն սահմանել դրանց վրա և ինչու էր դա նրանց պետք։ Ռումինիայում դատարանի միջոցով պարզապես չեղարկեցին նախագահական ընտրությունները։ Ընդդիմադիր թեկնածուին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, քանի որ նա սոցիալական հարթակում ավելի շատ գումար էր ծախսել, քան մյուս թեկնածուն։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աբսուրդ է տեղի ունենում ԵՄ անդամ երկրներից մեկում։ Հետևաբար, դատարանների վրա հարձակումները, ճնշումները Վրաստանի կառավարության վրա, երկրորդ ճակատ բացելու փորձերը, պատժամիջոցները, հասարակության բևեռացումը և սադրանքները հենց այս նպատակին էին ծառայում», – նշել է Կախա Կալաձեն։