Կախա Կալաձեն հանդիպել է Երևանի, Ակրայի և Թուրինի պաշտոնական պատվիրակությունների հետ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր հանդիպել է Ակրայի քաղաքապետ Էլիզաբեթ Նաա Կվացոե Տավիա Սակիի, ինչպես նաև Թուրինի և Երևանի փոխքաղաքապետեր Ռոզանա Պուրչիայի և Լևոն Հովհաննիսյանի հետ։ Հանդիպումները կայացել են Գրքի համաշխարհային մայրաքաղաք նախագծի ամփոփիչ միջոցառումների շրջանակներում:
Կողմերը քննարկել են քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների խորացման ուղիները և հետագա համագործակցության հեռանկարները։ Նախատեսվել են երկկողմ այցեր։
«Ուրախ եմ ձեր այցելության համար Թբիլիսի։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է խորացնելու մեր հարաբերությունները թե՛ երկրների, թե՛ քաղաքների միջև։ Ուրախ եմ, որ Թբիլիսիում ներկա եք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաքների ցանցի առաջին հանդիպմանն ու փակման արարողությանը։ Ցավոք, Թբիլիսին ստիպված եղավ դժվարին ժամանակաշրջանում կրել գրքի համաշխարհային մայրաքաղաքի կարգավիճակը: Ես նկատի ունեմ համաճարակը, սակայն մենք արժանապատվորեն իրականացրեցինք այդ կարգավիճակը և նախագիծը»,- ասել է Կախա Կալաձեն:
Այս շաբաթ Թբիլիսիում անցկացվում են Գրքի համաշխարհային մայրաքաղաք նախագծի վերջին՝ եզրափակիչ միջոցառումները։ Գրքի համաշխարհային մայրաքաղաքների ցանցի առաջին հանդիպման շրջանակում Թբիլիսին հյուրընկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի, Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի և Գրադարանների միջազգային ասոցիացիայի պաշտոնական հյուրերին, ինչպես նաև քաղաքապետերին և Գրքի մայրաքաղաք նախագծի ներկայացուցիչներին:
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։