Կախա Կալաձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ
Կախա Կալաձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են վրաց-ադրբեջանական հարաբերությունները և ռազմավարական համագործակցության հարցերը: Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայության փոխանցմամբ, շեշտվել է Թբիլիսիի և Բաքվի միջև քույրացման նշանակությունը, որի հուշագիրը ստորագրվել է երեկ: Հույս է հայտնվել, որ հուշագիրն էլ ավելի կամրապնդի հարաբերությունները երկու բարեկամ քաղաքների միջև և կզարգացնի համագործակցությունը տարբեր ոլորտներում:

«Կարևոր պայմանագիր է ստորագրվել: Այսօրվանից Բաքուն և Թբիլիսին քույր քաղաքներ են, սակայն երկու երկրները միշտ ունեցել են եղբայրական և բարեկամական հարաբերություններ: Ադրբեջանն անձամբ ինձ համար բարեկամ երկիր է, ես այստեղ շատ ընկերներ ունեմ: Ես որպես էներգետիկայի նախարար հաճախ եմ եղել ձեր մայրաքաղաքում, և ինչպես տեսնում եմ, այն օրեցօր ավելի է գեղեցկանում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ գերազանց հյուրընկալության համար», – ասաց Կախա Կալաձեն:

Հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Բաքվի և Թբիլիսիի քույր քաղաքներ լինելու կարևորության մասին և նշել Կախա Կալաձեի անձնական ներդրումը վրաց-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում:

«Ողջունում եմ Ձեզ Ադրբեջանում: Գիտեմ, որ երեկ դուք շատ կարևոր պայմանագիր եք ստորագրել Բաքվի և Թբիլիսիի քույրացման վերաբերյալ: Մեր երկրների, ժողովուրդների միջև միշտ եղել են եղբայրական հարաբերություններ: Աշխարհում կան շատ գեղեցիկ քաղաքներ, բայց Բաքուն և Թբիլիսին առանձնանում են իրենց բնորոշ գեղեցկությամբ և մշակույթով՝ մեծ ուշադրություն դարձնելով պատմական հուշարձաններին: Ես գիտեմ, որ դուք մեծ ջանքեր եք գործադրում Թբիլիսիի բարելավման, ինչպես նաև Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացման համար», – ասաց Իլհամ Ալիևը:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում: