Կախա Կալաձե. Սպասում չունենանք, թե հոկտեմբերի 4-ի գործին Եվրոպայից արձագանք կհետևի, դա դրսից դասավորված սցենար էր
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն գնահատել է հոկտեմբերի 4-ի գործը և հայտարարել, որ նշված գործընթացը ղեկավարվում էր դրսից, ինչի պատճառով Արևմուտքից որևէ արձագանքի սպասում չպետք է լինի: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ:
Լրագրողի հարցին, թե ինչու մեկ տարի անց էլ պատշաճ արձագանք չհետևեց հոկտեմբերի 4-ի իրադարձություններին, Կախա Կալաձեն նշել է, որ դա նախապես ծրագրված գործընթաց էր, որի դատապարտումը միջազգային գործընկերների կողմից տեղի չունեցավ:
«Սպասում չունենանք, թե Եվրոպայից որևէ արձագանք կհետևեր կամ կհետևի ապագայում նրան, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին, որովհետև դա դրսից դասավորված սցենար և թեմա էր: Նշված գործընթացը ղեկավարվում էր դրսից: Հիշենք, ամբողջ ամիսների ընթացքում ինչպիսի քարոզարշավ էր ընթանում պետական հեղաշրջման, իշխանության տապալման հետ կապված: Ոչ այն ժամանակ է որևէ մեկը լսել թեկուզ մեկ հայտարարություն, և ոչ էլ հետո, երբ փորձեցին այդ ամենը ի կատար ածել, որպեսզի դատապարտեին տեղի ունեցածը:
Հիշում եք՝ նախագահի աշխատակազմի ցանկապատը քանդեցին, փորձեցին ներխուժել շենք, սակայն համապատասխան ծառայությունները գործեցին բարձր պրոֆեսիոնալիզմով, անցկացրին համապատասխան միջոցառումներ: Մի քանի մարդ ձերբակալված է և քրեական պատասխանատվության է ենթարկված: Նրանցից ոմանք ընդունել են մեղքը: Այդ մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարել, իսկ հետո ընդունել մեղքը, այսօրվա դրությամբ ազատ են արձակված»,- նշել է մայրաքաղաքի քաղաքապետը:
Բացի այդ, Կախա Կալաձեն արձագանքել է նաև հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալվածներից մեկի՝ Պաատա Բուրճուլաձեի կողմից բանտից ուղարկված նամակին, որտեղ նա գրում է, թե «վրաց ժողովուրդը մերժեց «Վրացական երազանքին»»:
«Ի՞նչ պետք է պատասխանեմ նրան: Ինչպե՞ս կարելի է լուրջ պատասխանել Պաատա Բուրչուլաձեին: Հիշենք նրա գործողությունները, ինչպես էր իրեն պահում այս մարդը, ինչ հայտարարություններ էր անում և ինչպես ավարտեց: Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է և ակնհայտ»,- հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետը: