Կախա Կալաձե. Միջոցառումը, որը պետք է անցկացվեր Թբիլիսոբայի տոնի առթիվ, կչեղարկվի, հատկացված գումարը կփոխանցվի Բաթումիի զոհվածների ընտանիքների և տուժածների օգնության հիմնադրամին
Թբիլիսին այն քաղաքն է, որը բազմիցս ցույց է տվել դժվարությունների ժամանակ համերաշխության և աջակցության օրինակ, – այդ մասին սոցիալական ցանցում գրում է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ողբերգությունը, որը միավորեց ամբողջ երկիրը, ընդհանուր ցավ է բոլորիս համար: Թբիլիսին այն քաղաքն է, որը բազմիցս ցույց է տվել անհրաժեշտության պահին աջակցության և համերաշխության օրինակ:
Այսօր էլ, այս դժվարին պահերին, Թբիլիսին Բաթումիի կողքին է: Մեր թիմի որոշմամբ, միջոցառումը, որը պետք է անցկացվեր հեռուստատեսային ձևաչափով՝ Թբիլիսոբան նշելու համար, կչեղարկվի: Հատկացված գումարը կփոխանցվի Բաթումիում զոհվածների եւ ողբերգության տուժածների ընտանիքներին օգնության հիմնադրամին», – գրել է Կախա Կալաձեն:
Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 7 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:
Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:
Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:
Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:
Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: