Կախա Կալաձե. Մեծ էկրաններով Ուկրաինա-Վրաստան հանդիպումը դիտել ցանկացողները կարող են այցելել Առաջին Հանրապետության հրապարակ
Հոկտեմբերի 11-ին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հերթական խաղում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ։ Ֆուտբոլի ֆեդերացիայի և Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Առաջին Հանրապետության հրապարակում կտեղադրվի մեծ էկրան։
Ինչպես նշել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության նիստում, ուղիղ հեռարձակումից առաջ հիփ-հոփ արտիստների համերգ կանցկացվի՝ երկրպագուների տրամադրությունը բարձրացնելու համար։
«Հոկտեմբերի 11-ին Վրաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումն է անցկացնելու Ուկրաինայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա Լեհաստանի Պոզնան քաղաքում։ Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ միասին որոշում ենք կայացրել վրացի երկրպագուներին հնարավորություն տալ դիտելու խաղը Առաջին Հանրապետության հրապարակում։ Մենք մեծ էկրաններ ենք տեղադրելու և միասին կկարողանանք աջակցել մեր ազգային հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 22:45-ին: Այսպիսով, ովքեր ցանկանում են դիտել մեծ էկրաններով, կարող եք գալ։ Սննդի օբյեկտները տեղակայվելու են տեղում և շատ հաճելի միջավայր է լինելու։ Մինչ խաղի մեկնարկը տրամադրությունը բարձրացնելու համար կանցկացվի հիփ-հոփ արտիստների համերգ»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նախատեսված խաղի պատճառով Թբիլիսիի մետրոպոլիտենի և քաղաքային ավտոբուսների մի մասը կաշխատի երկարացված ժամերով։
«Հանրապետության հրապարակում հավաքված երկրպագուներին հանդիպման ավարտից հետո Թբիլիսիի մետրոպոլիտենը և մունիցիպալ ավտոբուսների մի մասը կսպասարկեն երկարացված ժամանակով։ Կոնկրետ երթուղիների մասին տեղեկատվությունը կտեղադրվի Թբիլիսիի քաղաքապետարանի կայքում»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։