Կախա Կալաձե. Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին և խաղաղ երկրում ապրելու նրանց ցանկությանը
Կախա Կալաձե. Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին և խաղաղ երկրում ապրելու նրանց ցանկությանը

Մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին և խաղաղ երկրում ապրելու նրանց ցանկությանը, – ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Վրաստանի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների յոթերորդ ազգային վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ մայրաքաղաքի քաղաքապետը հերթական անգամ արձագանքել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ուզում եմ արձագանքել Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակին։ Իհարկե, դա անհանգստացնում է բոլորիս և չկա մարդ, ով բուռն չի արձագանքում ուկրաինացի ժողովրդի ողբերգությունը պատկերող ամենօրյա կադրերին։ Շատ դժվար է, և ես ուզում եմ ևս մեկ անգամ խաղաղություն մաղթել ուկրաինացի ժողովրդին։ Մի քանի օր առաջ, որպես ասոցիացիայի նախագահ, մոլդովացի գործընկերոջս հետ նամակ գրեցի Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին և նրա հետ հեռախոսազրույց ունեցա։ Հեռախոսազրույց եմ ունեցել նաև Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի հետ։ Իհարկե, մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին և նրանց ցանկությանը ապրել խաղաղ երկրում, որտեղ ոչ ոք չի քանդի նրանց տները, նրանց երեխաները չեն հայտնվի փամփուշտների անձրևի տակ, նրանք ստիպված չեն լինի գիշերներ անցկացնել նկուղներում։ Նայում եմ քաղաքների ռմբակոծման ու քանդման կադրերը ու կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր կլինի վերականգնել, բայց կորցրած կյանքը վերադարձնել հնարավոր չէ։ Ցավոք, ռուսական ագրեսիայի զոհերի թիվն օրեցօր ավելանում է, և սա ամենացավալին է և ամենասարսափելին։ Ուզում եմ խաղաղություն և երկրի վերականգնում մաղթել ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, Ուկրաինային ու նրա քաղաքացիներին օգնելու համար Վրաստանն անում է ամեն ինչ և կշարունակի անել դա։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի քաղաքացիներին։ Վրաստանի՝ որպես բարեկամ երկրներից մեկի աջակցությունը շատ կարևոր է։ Ինչպես գիտեք, Վրաստանի կենտրոնական իշխանությունն իր աջակցությունն է հայտնել Վրաստանում մնացած ուկրաինացիներին։ Նրանք այսօր ապահովված են բնակարանով ու սննդով։ Դրանում ներգրավված է մայրաքաղաքի քաղաքապետարանը, ինչպես նաև հասարակ քաղաքացիները, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին»,- ասել է Կախա Կալաձեն։