Կարոլ Նավրոցկի. Զելենսկու այցը լավ լուր է Վարշավայի և Կիևի համար, բայց վատ լուր՝ Ռուսաստանի համար
Կարոլ Նավրոցկի. Զելենսկու այցը լավ լուր է Վարշավայի և Կիևի համար, բայց վատ լուր՝ Ռուսաստանի համար

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Վարշավա լավ լուր է ինչպես Լեհաստանի, այնպես էլ Կիևի համար, բայց վատ լուր Մոսկվայի համար։ Այս մասին նա նշել է Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Վլադիմիր Զելենսկու այցը Վարշավա լավ լուր է Լեհաստանի, Վարշավայի և Կիևի, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար, բայց վատ լուր է Ռուսաստանի Դաշնության համար, որովհետև դա հաստատում է, որ Լեհաստանը, Ուկրաինան և տարածաշրջանի մյուս երկրները միասին են՝ ռազմավարական և անվտանգության հարցերում», – նշել է Նավրոցկին։

Լեհաստանի նախագահն ընդգծել է նաև, որ ինքը և Զելենսկին ընդհանուր պատկերացում ունեն այն մասին, որ Ռուսաստանը՝ որպես նեոիմպերիալիստական հետխորհրդային պետություն, վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ իր այցը Վարշավա նոր և ավելի կարևոր էջ կբացի Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերություններում։

«Հույս ունեմ, որ այս այցը նոր և առավել նշանակալի էջ կբացի Ուկրաինայի ու Լեհաստանի հարաբերություններում՝ ոչ միայն որպես հարևանների, այլ նաև որպես այն եվրոպական տարրերի, առանց որոնց ազատությունը Եվրոպայի այս մասում պարզապես չի լինի։ Ուկրաինան այժմ ոչ միայն ստանում է աջակցություն մեր ընկերներից և հարևաններից, այլ նաև առաջարկում է իր փորձը այս պատերազմի պաշտպանական ոլորտում։

Այսօր Ուկրաինան ունի առաջատար տեխնոլոգիաներ մարդկանց կյանքը պաշտպանելու համար և ամենահզոր հնարավորությունները՝ զենքի արտադրության ոլորտում։ Ժամանակակից, արդյունավետ զենք։ Ես Լեհաստանին առաջարկում եմ այդ փորձը։ Այսօր մենք այս մասին խոսեցինք և կշարունակենք այդ շփումները։ Մենք ցանկանում ենք օգտագործել այդ փորձը՝ համերաշխության հիման վրա՝ մեր պետությունների, մեր տարածաշրջանի և մեր Եվրոպայի ուժեղացման նպատակով։ Ուկրաինան Լեհաստանին առաջարկում է խորհրդակցություններ՝ կապված դրոններից պաշտպանության հարցերի հետ։ Մենք գիտենք՝ ինչպես պայքարել դրոնների ամեն մի տեսակների դեմ», – հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։