Կարլո Ամիրգուլաշվիլին ընտրվել է Եվրոպայի խորհրդի Բեռնի կոնվենցիայի նախագահ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում դեկտեմբերի 8-12-ը կայացել է Եվրոպայի խորհրդի՝ Եվրոպայի վայրի բնության և բնական կենսավայրերի պաշտպանության մասին կոնվենցիայի (Բեռնյան կոնվենցիա) մշտական կոմիտեի 45-րդ նիստը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Վրաստանի ներկայացուցիչը՝ Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության անտառային վարչության ղեկավար Կարլո Ամիրգուլաշվիլին, ընտրվել է կոմիտեի և բյուրոյի նախագահ։ Նա 2021 թվականից զբաղեցնում էր բյուրոյի փոխնախագահի պաշտոնը։
«Բեռնյան կոնվենցիան համարվում է բնապահպանության ոլորտում ամենակարևոր միջազգային համաձայնագրերից մեկը։ Հետևաբար, Վրաստանի ներկայացուցչի այս կարևոր պաշտոնում նշանակումը կխթանի Վրաստանի ակտիվ մասնակցությունը Եվրամիության կառույցներում, Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացումը, կոնվենցիայի կիրարկումը երկրում և բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրագործումը։
Նշենք, որ կոնվենցիայի կիրարկման նպատակով Վրաստանում ստեղծվել է «Զմրուխտ ցանց»։ 2023 թվականի տվյալներով՝ այս ցանցի տարածքը կազմում է 1 307 501 հեկտար և ներառում է 66 տարածք։ Ներկայում մշակվում են այդ տարածքների կառավարման ծրագրերը», – ասվում է նախարարության տարածած հայտարարությունում։