Կարգավորող գործակալությունը բացահայտել է էպիլեպսիայի բուժման համար դեղամիջոցի արհեստական դեֆիցիտի ստեղծման ենթադրյալ փաստերը
Դեղերի ռեֆերենտ գների ներդրումից հետո նկատվել է հերթական անբարեխիղճ գործողությունը մի քանի խոշոր դեղագործական ցանցերի կողմից,- ասված է Վրաստանի առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
Առողջապահության նախարարության Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը բացահայտել է էպիլեպսիայի բուժման համար դեղամիջոցի ենթադրյալ արհեստական պակասի ստեղծման փաստերը։
Խոսքը «Դեպակին Խրոնո» դեղամիջոցի մասին է, որն օգտագործվում է երեխաների և մեծահասակների մոտ տարբեր տեսակի էպիլեպսիայի բուժման համար։
«Կարգավորող գործակալությունը դեղագործական ընկերությունների ստուգման արդյունքում պարզել է, որ ընկերությունները պահեստում ունեն «Դեպակին Խրոնո» (300 մգ, 500 մգ), թեև դրանք չեն վաճառվել դեղատների ցանցերում՝ հավանաբար արհեստական դեֆիցիտ ստեղծման նպատակով։ Պաշարների մասին դեղագործական ընկերությունների կողմից նախարարությանը տրամադրված տեղեկատվությունը չի համընկնում պահեստներում առկա մնացորդներին, ինչի պատճառով, օրենքով սահմանված կարգով, կազմվել են խախտումների արձանագրություններ և ուղարկվել դատարան։
Նշված խախտումը ենթակա է նախազգուշացման եւ 5000 լարի տուգանքի։ Բացի այդ, նախնական գնահատմամբ, կարող են լինել անարդար պայմանավորվածություններ կամ գերիշխող դիրքի ոչ պատշաճ օգտագործման փաստ, որով ոլորտը վնասում է քաղաքացիներին։
Նշենք, որ նշված դեղամիջոցի վաճառքն առանձին դեղատնային ցանցերով սկսվել է կարգավորող գործակալության արձագանքից հետո։ Դեղագործական ընկերությունների կողմից քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների արհեստական դեֆիցիտի ստեղծումը առողջապահության նախարարության համար անընդունելի է»,- ասված է առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։