Կարգավորող գործակալություն. Իաշվիլիի կլինիկայի ղեկավարությունը հայտնաբերված որոշակի թերություններից հետո որոշել է անհապաղ շտկել խնդիրները
Առողջապահության նախարարության Բժշկական և դեղագործական կարգավորող գործակալությունը ստուգել է Մ.Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի վարակի վերահսկման համակարգը:
Գործակալության տնօրեն Լիանա Ճումբուրիձեի խոսքով, հայտնաբերվել են որոշակի թերություններ և համապատասխանաբար կլինիկայի ղեկավարությունը որոշում է կայացրել անհապաղ սկսել այդ խնդիրների շտկումը։
«Այս փուլում բժշկական ծառայությունների մատուցումը ժամանակավորապես դադարեցված է, բացառությամբ ամբուլատոր ախտորոշիչ կենտրոնի և ուռուցքաբանական բաժանմունքի։ Նաև մենք շատ սերտ համագործակցության մեջ ենք Իաշվիլիի կլինիկայի հետ, որպեսզի հնարավորինս օգնենք համապատասխան պրոֆիլի կլինիկաներ ուղղորդելու հարցում:
Մեր նպատակն է, որ բոլոր քաղաքացիները ստանան բարձրորակ բժշկական ծառայություններ։ Բարեփոխումը, որը մենք սկսելու ենք 2025 թվականին, կծառայի այս նպատակին, և միջազգային հավատարմագրումը պարտադիր կլինի բոլոր կլինիկաների համար, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ստանա որակյալ և ստանդարտ ծառայություններ»,- ասաց Բժշկական և դեղագործական կարգավորող գործակալության տնօրեն Լիանա Ճումբուրիձեն։
Իաշվիլիի կլինիկան նաև հայտարարություն է տարածել ստացիոնար ընդունելությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։ Կլինիկայից պարզաբանվել է, որ վերականգնողական աշխատանքների պատճառով Իաշվիլիի հիվանդանոցը ժամանակավորապես դադարեցնում է ստացիոնար հիվանդների ընդունումը, սակայն առանձնապես ծանր դեպքերի կլինիկական կառավարումը կշարունակվի, կշարունակեն գործել ամբուլատոր-ախտորոշիչ կենտրոնը և ուռուցքաբանական բաժանմունքը։ Նրանց խոսքով՝ Մ. Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները մտնում են ավարտական փուլ։