Կապի հանձնաժողովի տվյալներով՝ 2022 թվականին ֆիքսված ինտերնետից օգտվել է 1,08 մլն բաժանորդ
Հաղորդակցության հանձնաժողովի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ծառայությունների զարգացումը դեռևս բնութագրվում է կտրուկ աճի միտումով։
Բաժանորդների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 70,6 հազարով և կազմել 1,08 միլիոն, որից օգտվողների 95,2 տոկոսը ֆիզիկական անձինք են։ Անհատական բաժանորդների ամենամեծ քանակն ունի «Magticom»-ը՝ 497 հազար, «Silknet»-ը՝ 308 հազար, «New Group Networks»-ը, ինչպես նաև «Skytel»-ը՝ 60 հազար։ 104 հազար բաժանորդ բաշխված է տարբեր փոքր և միջին ընկերությունների միջև։
2022 թվականի տվյալներով՝ ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ներթափանցումը երկրում կազմել է 92,7 տոկոս, իսկ խտության ամենաբարձր ցուցանիշը՝ 132 տոկոս, գրանցվել է Թբիլիսիում։ Հաջորդը Աջարիան է՝ 126 տոկոս, Սամցխե-Ջավախեթին՝ 95 տոկոս, Քվեմո Քարթլին՝ 82 տոկոս, Մցխեթա-Մթիանեթին՝ 80 տոկոս։ Ինտերնետային ծառայությունների խտությունը Շիդա Քարթլիում կազմում է 72 տոկոս, Կախեթին` 67 տոկոս, Իմերեթին` 65 տոկոս, Սամեգրելո Զեմո-Սվանեթին` 61 տոկոս: Գուրիան ունի 55 տոկոս խտություն, իսկ մարզերում ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ռաճա-Լեչխումում և Քվեմո Սվանեթիում, որը կազմում է 20 տոկոս:
Զեկույցի համաձայն, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ ծառայությունը հասանելի է Վրաստանի բոլոր քաղաքներում և ավաններում։ Ինչ վերաբերում է գյուղերին, ապա հանրապետության 3385 գյուղից հասանելի է 2510-ը։ Իսկ այն գյուղերի համար, որտեղ չկա ֆիքսված ինտերնետ, պետության աջակցությամբ իրականացվում է ունիվերսալ ինտերնետացման ծրագիր։ Մասնավորապես, ծրագրի շրջանակներում հանրապետության շուրջ 1000 գյուղերի և 500 հազար քաղաքացիների, այդ թվում՝ լեռնային շրջանների բնակչությանը, հնարավորություն կտրվի օգտվելու բարձրորակ ինտերնետից և թվային տարբեր ծառայություններից։