Կաիա Կալաս. ՆԱՏՕ-ի անդամները պետք է իրենց ՀՆԱ-ի առնվազն 2,5 տոկոսը ծախսեն պաշտպանության վրա, քանի որ Եվրոպան պատերազմի մեջ է
«ՆԱՏՕ-ի անդամները պետք է իրենց համախառն ներքին արդյունքի առնվազն 2,5 տոկոսը ծախսեն պաշտպանության վրա, քանի որ Եվրոպայում թեժ պատերազմ է», -ասել է Էստոնիայի վարչապետ Կաիա Կալասը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում։
Էստոնիայի կառավարության ղեկավարի խոսքերով, ՆԱՏՕ-ի դաշնակիցները ունեն 2 տոկոս պաշտպանական ներդրումների խոստում, 23 դաշնակից կատարում է այդ խոստումը, սակայն դաշնակիցները դեռ պետք է ավելի շատ ծախսեն:
«Մենք ցանկանում ենք, որ այդ ծախսերը կազմեն առնվազն 2,5 տոկոս, քանի որ 1988-ին բոլոր դաշնակիցները պաշտպանության վրա ծախսում էին ավելի քան երկու տոկոս, որոշները նույնիսկ վեց տոկոս, քանի որ սպառնալիքն իրական էր: Սառը պատերազմը շարունակվում էր։ Հիմա մենք Եվրոպայում թեժ պատերազմ ունենք և բավականաչափ գումար չենք ծախսում։ Բայց դրական է, որ այդ ծախսերն ավելանում են»,- ասաց Կաիա Կալասը։