Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր քարտուղարի, Եվրամիության ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) և ճգնաժամային իրավիճակների արձագանքման ուղղությամբ տեղակալ Չարլզ Ֆրիսի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրամիության և Վրաստանի միջև համագործակցության ընթացիկ հարցերն ու ապագա ծրագրերը։

«Ջուանշեր Բուրճուլաձեն ընդգծել է մեր երկրի ձգտումը եվրոպական և եվրատլանտյան կառույցներին և հայտարարել, որ Վրաստանը կշարունակի կատարել Եվրահանձնաժողովի առաջարկությունները, որով հնարավոր կլինի ստանալ Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ։ Հանդիպմանը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր քարտուղարի տեղակալն իր պատրաստակամությունն է հայտնել Վրաստանում ֆինանսական աջակցության երկարաժամկետ ծրագիր իրականացնել։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության միջավայրի վատթարացումը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները։ Հանդիպմանը նրանք ևս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրամիության ներկայացուցչին՝ Եվրոպայի խաղաղության հիմնադրամի (EPF) շրջանակներում Վրաստանին ֆինանսական աջակցության հերթական փաթեթը հաստատելու համար և նշել, որ 20 մլն եվրոյի օգնությունն ուղղված է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և նպաստելու է Վրաստանի ակտիվ համագործակցությանը Եվրամիության հետ Միասնական պաշտպանության և անվտանգության քաղաքականության (CSDP) շրջանակներում:

Վրացական կողմը նշել է Եվրամիության դիտորդական առաքելության՝ որպես միակ միջազգային մոնիտորինգի մեխանիզմի կարևոր դերը Վրաստանում կայունության պահպանման գործընթացում։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի ներդրմանը Եվրամիության հովանու ներքո իրականացվող միջազգային ռազմական ուսումնական առաքելությանը (EUTM RCA) և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու Եվրամիության ջանքերին»,- ասվում է տեղեկատվության մեջ։