Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է կանադացի գործընկերոջ հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է կանադացի գործընկերոջ հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Մյունխենում հանդիպել է կանադացի գործընկերոջ հետ։ Անիտա Անանդի հետ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության 58-րդ միջազգային համաժողովի շրջանակներում։ Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել կանադացի գործընկերոջը՝ հատուկ գործընկերության և Վրաստանի աջակցության համար։

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են գլոբալ անվտանգության մարտահրավերները և Ռուսաստանից եկող սպառնալիքները։ Այս առումով ընդգծվել է միջազգային հանրության և գործընկերների ակտիվ աջակցության կարևորությունը։

Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, Վրաստանը, հաշվի առնելով առկա սպառնալիքները, հետևողականորեն իրականացնում է պաշտպանական բարեփոխումներ և կառուցում ՆԱՏՕ-ի հետ համատեղելի ժամանակակից պաշտպանական ուժեր։ Նրա խոսքով, անդամակցությունը ՆԱՏՕ-ին Վրաստանի անսասան ռազմավարական ընտրություն է։

Հանդիպմանը կարևորվել է գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային պատրաստության և ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցերին։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպման մասին։

Ջուանշեր Բուրճուլաձեն Մյունխենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում է։