Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսի հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Բոնի Ջենքինսին։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին երեսուն տարվա աջակցության, պաշտպանական ուժերի զարգացման գործում ներդրած ավանդի համար և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը ընդհանուր արժեքների պաշտպանության համար։

«Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի պաշտպանության ուժերի հնարավորությունները բարձրացնելու նպատակով ՊԲ-ում իրականացվող բարեփոխումները, սպառազինության ու տեխնիկայի նորացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ապագա անելիքները։ Պաշտպանության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության հետագա խորացման և դինամիկ համագործակցության ամրապնդման գործընթացում կողմերը կենտրոնացել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված «Վրաստանի պաշտպանության և զսպման ընդլայնման նախաձեռնություն» (GDDEI) նոր նախաձեռնության վրա»,- նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Բոնի Ջենքինսը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում և երկկողմ հանդիպումներ է ունենում պետական ​​պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների հետ։