Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ
Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի հետ։

Գերատեսչության տվյալներով՝ պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության հարցեր։

Նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։

«Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին օրինակելի գործընկերության, քաղաքական ու գործնական աջակցության համար։ Ուշադրություն է դարձվել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացին և միջազգային անվտանգության ապահովման գործում Վրաստանի նշանակալի ներդրմանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել պաշտպանական կարողությունների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և ապագա զարգացման ծրագրերին։ Նշվել է ԱՄՆ-ի արտաքին ռազմական ֆինանսավորման աճի և համատեղ միջազգային վարժանքների նշանակությունը»,- նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը և ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Ջոզեֆ Բիլբոն։