Ջուանշեր Բուրճուլաձեն Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ
Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, Ադմիրալ Ռոբ Բաուերի հետ։
Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի բարձր ներկայացուցչին Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և երկրի՝ դաշինքին անդամակցելուն աջակցելու համար։
Նախարարը նշել է, որ տարածաշրջանում Ռուսաստանի կողմից աճող ռազմական ագրեսիայի լույսի ներքո ՆԱՏՕ-ի ամուր դիրքորոշումը և բաց դռների սկզբունքին հավատարիմ մնալը մեծ նշանակություն ունի։ Ծովակալ Բաուերի հետ հանդիպմանը Ջուանշեր Բուրճուլաձեն խոսել է նաև պաշտպանական վերափոխման գործընթացի մասին։ Նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի և ռազմավարական գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ Վրաստանը շարունակում է ամրապնդել իր պաշտպանունակությունը և կառուցել ՆԱՏՕ-ի հետ համատեղելի պաշտպանական ուժ։
Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության հարցերը, այդ թվում՝ մարտին նախատեսված ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները, որոնք Վրաստանը կհյուրընկալի արդեն երրորդ անգամ։
Զրույցի ընթացքում խոսվել է նաև Սևծովյան ռազմավարական քննարկումներին Վրաստանի մասնակցության և միջազգային առաքելություններում Վրաստանի նշանակալի ներդրման մասին։