Ջուանշեր Բուրճուլաձե. Մեր առաջնահերթությունը թեկնածուի կարգավիճակ ստանալն է, այնուհետև Եվրամիության լիիրավ անդամակցությունը

11:32, 26.10.2022

Մեր առաջնահերթ խնդիրն այս փուլում թեկնածուի կարգավիճակ ստանալն է, այնուհետև դառնալ Եվրամիության լիիրավ անդամ,- Վրաստանի Առաջին ալիքի «Ազատ տեսլական» հաղորդման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն։

«Իհարկե, դա մի կողմից երաշխիքներ է ստեղծում, մյուս կողմից էլ հեռանկար է ստեղծում, որ մենք կդառնանք հավաքական անվտանգության անդամ երկիր: Ոչ ոք չէր մտածի, որ մերձբալթյան երկրները հաջողության կհասնեն և կդառնան ՆԱՏՕ-ի անդամ այսքան հեշտությամբ, այսպես ասած, առանց հավելյալ գին վճարելու։ Վստահ եմ, որ մենք դա անելու հնարավորություն կունենանք, և մենք կստանանք թեկնածուի կարգավիճակ, կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ, իսկ հետո՝ հավաքական անվտանգության անդամ երկիր»,- ասել է Բուրճուլաձեն։

Ըստ նրա՝ երկիրը պետք է ձգտի հավաքական անվտանգությանը՝ սեփական բնակչության համար անվտանգություն, երաշխիքներ և պայմաններ ստեղծելու համար, և եթե հավաքական անվտանգության անդամակցությունը կարող է ուղղակիորեն կապված լինել ռիսկերի, կոնֆլիկտի ու պատերազմի հետ, նա այստեղ տրամաբանություն չի տեսնում։

«Այնպես որ մենք կգործենք չափված քայլերով և կհասնենք վերջնական նպատակին»,- նշել է Բուրճուլաձեն։

Նմանատիպ