Ջոզեֆ Բորել. Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան, անհրաժեշտ է վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը
Ջոզեֆ Բորել. Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան, անհրաժեշտ է վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը կոչ է անում Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը դատապարտում է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։ Ինչպես նշում է Բորելը, անհրաժեշտ է վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը։

«Ռազմական այս էսկալացիան չպետք է պատրվակ ծառայի տեղի բնակչությանը վտարելու համար։ Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Բանակցային արդյունքների հասնելու համար պահանջվում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը: Եվրամիությունը շարունակում է լիովին ներգրավված լինել երկխոսության խթանման գործում»,- ասվում է Ջոզեֆ Բորելի հայտարարության մեջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին։

Բացի այդ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության, Հայաստանի Հանրապետությունը չունի Լեռնային Ղարաբաղում տեղակայված բանակ։