Ջոզեֆ Բորել. Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկում են, թե ինչպես արձագանքել Վիկտոր Օրբանի այցերին Ռուսաստան և Չինաստան, ինչպես նաև Հունգարիայի դիրքորոշումը Ուկրաինայում Եվրամիության դերի վերաբերյալ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկում են, թե ինչպես արձագանքել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցերին Ռուսաստան և Չինաստան, ինչպես նաև Հունգարիայի դիրքորոշումը Ուկրաինայում Եվրամիության դերի վերաբերյալ: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Մենք դիտարկում ենք տեղի ունեցածը և Հունգարիայի կառավարության դիրքորոշումները», – ասել է Բորելը` «անընդունելի» անվանելով նշված գործողությունները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են, որ դաշինքը ավելի կոշտ դիրքորոշում ընդունի Բուդապեշտի նկատմամբ։ Դրանց թվում քննարկվում է օգոստոսի վերջին Բուդապեշտում նախատեսված ոչ պաշտոնական հանդիպման բոյկոտը կամ մասնակից նախարարների թվի կրճատումը, թեև միաձայն որոշում չի կայացվել։
Լյուքսեմբուրգի արտգործնախարարն ասել է, որ մասնակցելու է ոչ պաշտոնական հանդիպմանը՝ հավելելով, որ կարևոր է պահպանել Բուդապեշտի հետ երկխոսությունը։
«Երկխոսությունն անտեսելը կամ չընտրելը սխալ կլիներ»,- ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը։
Տեղեկության համար՝ հուլիսին Հունգարիան դարձավ Եվրամիության նախագահ։ Երկիրը կգլխավորի դաշինքը վեց ամիս ժամկետով՝ ռոտացիոն սկզբունքով: Նախագահող երկիր դառնալուց կարճ ժամանակ անց Հունգարիայի վարչապետն այցելեց Պեկին և Մոսկվա։ Օրբանը նշված այցերն անվանել է «խաղաղ առաքելություն»։