Ջոզեֆ Բորել – Ռուսաստանը երբեք չի կարողացել ազգ ձևավորել, այն միշտ եղել է և մնում է կայսրություն
Ռուսաստանը երբեք չի կարողացել ազգ դառնալ, այն միշտ եղել է և մնում է կայսրություն,- բրիտանական «Գարդիան»-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Եվրամիության արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Ջոզեֆ Բորելը։ Բորելի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում և ծրագրում է հաղթել պատերազմում։
Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմում խաղադրույքը դրված է Եվրամիության գոյության վրա։
«Միգուցե հիմա այն պահն է, երբ մենք պետք է տեսնենք մեծ երկրներից եկող սպառնալիքը, որը սպառնում է մեր ժողովրդավարությանը, սպառնում է Եվրոպային և ոչ միայն Ուկրաինային։ Եթե մենք անմիջապես չփոխենք ուղին, եթե չմոբիլիզացնենք ռեսուրսները, եթե թույլ տանք Պուտինին հաղթել, և եթե չկանգնեցնենք Գազայի ողբերգությունը, ապա մեր նախագիծն ավելի շատ կտուժի»,- ասել է Բորելը։
Բորելը կարծում է, որ Ռուսաստանը չի բավարարվի Ուկրաինայի մի մասը նվաճելով եւ թույլ չի տա, որ Ուկրաինայի մյուս հատվածը անդամակցի Եվրամիությանը։ ԵՄ արտաքին քաղաքականության գործակալության ղեկավարը կոչ է անում եվրոպացի առաջնորդներին պատրաստվել երկար պատերազմի։
«Ռուսաստանը երբեք ազգ չդարձավ։ Այն միշտ եղել է կայսրություն՝ սկզբում ցարի օրոք, հետո՝ խորհրդային, հիմա էլ՝ Պուտինի։ Սա Ռուսաստանի մշտական վիճակն է և նրա քաղաքական ինքնությունը։ Արդյունքում Ռուսաստանը սպառնալիք է մեր հարեւանների եւ հատկապես մեզ համար»,- ասել է Բորելը։